Մարքեթինգը 2026-ին. 5 ալիք, որոնք պետք է աշխատեն միասին
Բիզնես ունեցողներից հաճախ եմ լսում նույն նախադասությունը. «ամեն օր պոստ ենք դնում, բայց հաճախորդ չկա»։ Հետո նայում ենք միասին, և պարզվում է, որ ամբողջ մարքեթինգը մեկ Instagram էջ է։
Instagram-ը վատը չէ։ Խնդիրն այն է, որ մարդը քեզ գտնում և քեզ վստահում է մի քանի տարբեր տեղից, և դրանցից յուրաքանչյուրը քո մասին ինչ-որ բան է ասում։ Եթե այդ տեղերից մեկը լռում է, կամ ասում է ուրիշ բան, մարդը չի գնում ավելի խորը փնտրելու։ Նա պարզապես գնում է մրցակցիդ մոտ։
Ես այդ տեղերը բաժանում եմ 5 ալիքի. AI որոնում, SEO, բրենդ, բովանդակություն և գովազդ։ Ստորև՝ ամեն մեկի մասին, ինչպես եմ ես դրանք տեսնում իմ և հաճախորդներիս աշխատանքում, և ինչ կարող ես անել հենց այս շաբաթ։
Ամբողջ սխեման՝ իմ Instagram գրառումից։ Թերթիր կողքի վրա →
1AI որոնում
Սա ամենաարագ փոխվող ալիքն է։ Մարդիկ այլևս միայն Google-ում չեն փնտրում։ Նրանք ChatGPT-ին կամ Gemini-ին հարցնում են. «Երևանում ո՞վ կարող է օգնել ինձ գովազդով», «ո՞ր խանութում գնեմ…», «ինչ դասընթաց անցնեմ…»։ Ու AI-ը չի տալիս տասը հղում, տալիս է մեկ-երկու անուն։
Որտեղի՞ց է AI-ը իմանում այդ անունները։ Այն ամենից, ինչ գրված է քո մասին ինտերնետում. քո կայքից, սոցցանցերից, ուրիշների կայքերում հիշատակումներից, կարծիքներից։ Եթե քո մասին գրված է քիչ կամ խառը, AI-ը կամ քեզ չի նշում, կամ նշում է սխալ։
- ChatGPT-ին հարցրու. «Ի՞նչ գիտես [քո բիզնեսի անունը]-ի մասին»։ Պատասխանը ցույց կտա, թե ինչ է նա հիմա տեսնում։
- Կայքում պարզ գրիր՝ ով ես, ինչ ես անում, ում համար, որ քաղաքում։ Առանց գեղեցիկ, բայց անորոշ նախադասությունների։
- Ավելացրու «Հաճախ տրվող հարցեր» բաժին՝ իրական հարցերով, որ քեզ գրում են Direct-ում։
2SEO
AI-ի մասին շատ ենք խոսում, բայց Google-ը չի կորել։ Երբ մարդը գիտի, թե կոնկրետ ինչ է ուզում, նա դեռ գնում է Google, գրում է քո անունը կամ ծառայությունը, և նայում է, թե ինչ դուրս կգա։ Եթե դուրս է գալիս միայն քո Instagram-ը, կամ ոչինչ, վստահությունը նվազում է։
SEO-ն առաջին հերթին տեխնիկական կարգուկանոն է. Google-ը պետք է իմանա, որ կայքը կա, և հասկանա, թե ինչի մասին է։ Մնացածը բովանդակությունն է, ինչպես այս հոդվածը։
- Գրանցիր կայքը Google Search Console-ում և տուր կայքի քարտեզը (sitemap)։
- Ամեն ծառայության համար առանձին էջ արա, ոչ թե բոլորը մեկ ցուցակում։
- Եթե ունես ֆիզիկական հասցե, լրացրու Google Business Profile-ը։
Search Console-ի քայլերը իմ իրական screenshot-ներով հավաքել եմ ուղեցույցում. գրիր «ԳՈՒԳԼ» Instagram-ում, և կուղարկեմ։
3Բրենդ
Բրենդը լոգոն չէ։ Բրենդն այն է, ինչ մարդը հիշում է քո մասին, երբ դու սենյակում չես։ Ու գործնականում դա մեկ նախադասություն է. ում ես օգնում և ինչով։
Ինչու եմ բրենդը դնում մյուս ալիքների կողքին. որովհետև այն մնացած բոլորին ուժ է տալիս։ Երբ դիրքավորումդ պարզ է, AI-ը քեզ ճիշտ է նկարագրում, Google-ում ճիշտ բառերով են գտնում, բովանդակությունդ գրվում է հեշտ, իսկ գովազդն էլ ավելի էժան է ստացվում, որովհետև մարդը արագ է հասկանում՝ դա իր համար է, թե ոչ։
Եթե չես կարողանում մեկ նախադասությամբ ասել, թե ում համար ես, հաճախորդդ էլ չի կարողանա։
- Գրիր այդ մեկ նախադասությունը և դիր այն նույնությամբ ամենուր՝ Instagram-ի bio, կայք, LinkedIn։
- Ստուգիր՝ բոլոր տեղերում նո՞ւյն անունն է, նո՞ւյն լուսանկարը, նո՞ւյն գույները։
4Բովանդակություն
Սա այն ալիքն է, որը շատերը համարում են ամբողջ մարքեթինգը, ու դրա համար էլ ամենաշատն են հոգնում դրանից։ Բովանդակության գործը վստահություն կառուցելն է. մարդը տեսնում է, որ դու գիտես քո գործը, դեռ նախքան քեզ գրելը։
Ինձ համար ամենալավ աշխատող բովանդակությունը ուսուցողականն է՝ պատասխաններ այն հարցերին, որոնք ինձ իրականում տալիս են։ Իսկ ժամանակ խնայելու համար մեկ գաղափարից սարքում եմ մի քանի ձևաչափ. կարուսել, ռիլ, իսկ հիմա նաև հոդված կայքում։ Հենց այս հոդվածը սկսվել է մեկ Instagram գրառումից։
- Գրիր 10 հարց, որ քեզ ամենահաճախն են տալիս։ Սա պատրաստի բովանդակության պլան է առաջիկա ամիսների համար։
- Ամեն լավ գրառում վերածիր ևս մեկ ձևաչափի. կարուսելը՝ ռիլի, ռիլը՝ հոդվածի։
5Գովազդ
Գովազդը արագացուցիչ է, ոչ թե հիմք։ Այն լավ է աշխատում, երբ մարդը, սեղմելով գովազդի վրա, հասնում է մի տեղ, որը նրան համոզում է. էջ բովանդակությամբ, կայք, կարծիքներ, պարզ առաջարկ։ Եթե այդ հիմքը չկա, գովազդը պարզապես շատ մարդկանց է բերում դատարկ տուն։
Meta Ads-ի և Google Ads-ի հետ տարիների աշխատանքից նկատել եմ մի պարզ բան. նույն գովազդը, նույն բյուջեով, տարբեր արդյունք է տալիս՝ կախված նրանից, թե ինչ է մարդը տեսնում սեղմելուց հետո։
- Մինչ գովազդ միացնելը բացիր քո էջը կամ կայքը նոր մարդու աչքերով. 10 վայրկյանում հասկանալի՞ է՝ ինչ ես առաջարկում և ինչպես գնել։
- Գովազդը սկսիր նրանցից, ովքեր արդեն ծանոթ են քեզ՝ էջդ դիտածներից, կայք մտածներից։
Ինչպես են 5-ը աշխատում միասին
Պատկերացրու մեկ իրական ճանապարհ։ Մարդը քո գովազդն է տեսնում Instagram-ում։ Չի գնում, բայց հիշում է անունդ։ Մի քանի օր հետո ChatGPT-ին հարցնում է քո ոլորտի մասին, և պատասխանում հանդիպում է քեզ։ Հետո քո անունը գրում է Google-ում, մտնում կայք, կարդում մեկ հոդված, և միայն հետո գրում է Direct-ում։
Այս ճանապարհում 5 ալիքն էլ աշխատեցին։ Եթե դրանցից մեկը բացակայեր, ճանապարհը կարող էր այդտեղ կտրվել։ Դրա համար ես չեմ հարցնում «ո՞ր ալիքն է ամենակարևորը»։ Ես հարցնում եմ՝ ո՞րն է ամենաթույլը։
Ստուգիր քեզ. 5 հարց
- ChatGPT-ն գիտի՞, թե ով եմ ես և ինչով եմ զբաղվում։
- Google-ում իմ անունը գրելիս դուրս գալի՞ս է իմ կայքը։
- Կարո՞ղ եմ մեկ նախադասությամբ ասել, թե ում համար եմ աշխատում։
- Ունե՞մ բովանդակություն, որը պատասխանում է հաճախորդներիս իրական հարցերին։
- Գովազդից եկած մարդը տեսնո՞ւմ է բավական բան, որ վստահի ինձ։
Որտեղ պատասխանը «ոչ» է, այնտեղից էլ սկսիր։ Մեկ ալիք մեկ շաբաթում՝ արդեն մեծ քայլ է։
Եթե ուզում ես, որ այս ալիքներից մի քանիսը AI-ը վարի քեզ համար, դա հենց այն է, ինչ կառուցում ենք «Քո AI Agent-ը» դասընթացում։
Տեսնել դասընթացը →